Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞վ կավարտվի Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքության համար ճակատամարտը

Ինչո՞վ կավարտվի Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքության համար ճակատամարտը
08.02.2019 | 17:19

Օրերս Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակօս» թերթը պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և Արևմտյան Եվրոպայում պատրիարքական ներկայացուցիչ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիպման մասին: Հանդիպմանը ներկա է եղել Կոստադնուպոլսի հայ առաքելական եկեղեցու պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Էջմիածնի միջեկեղեցական կապերի բաժնի տնօրեն արքեպիսկոպոս Շահե Անանյանը: Թեման եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությունը:


Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008-ից անբուժելի հիվանդ է, գտնվում է կոմայում և ի վիճակի չէ պարտականությունները կատարել: Այդ ժամանակից նոր պատրիարքի ընտրության շուրջ բացահայտ ու կուլիսային պայքար է ծավալվում: Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պատմել է, որ Էջմիածինը «ցանկություն է հայտնել, որ ես ներկայացնեմ թուրքական կողմին իր կարծիքն այս հարցի շուրջ: Հռոմում ես հանդիպեցի Թուրքիայի դեսպանին ու փոխանցեցի այդ ցանկությունը: Դեսպանը դրական արձագանքեց և ասաց, որ նախարարին կփոխանցի: Ավելի ուշ նա զանգահարեց ինձ ու հաղորդեց, որ նախարարը հանդիպում է նշանակել: Ես պատմեցի կաթողիկոս Գարեգին Երկրորդին»: Զրույցի արդյունքը` Չավուշօղլուն հայտարարել է, որ «պետք է սպասել»` ելնելով փաստից, որ Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է և նրա առողջական խնդիրները հիմք չեն պատրիարքի պաշտոնը թափուր համարելու համար: Առաջին անգամ չէ, որ հայ հոգևորականները Թուրքիայի իշխանությունների հետ երկխոսության են գնում: 2018-ի փետրվարին կայացավ Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի հանդիպումը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ, նա ևս հայտարարեց. «Քանի դեռ Մեսրոպ պատրիարքը ողջ է, ընտրություններ չեն լինի»: Սակայն այդ կարգի գործերը բացառապես Էջմիածնի ենթակայության տակ են: Եթե Ստամբուլի հայ պատրիարքը Թուրքիայի իշխանություններին դուր չի գալիս, նրանք կարող են արգելել նրան հայտնվել աշխարհիկ կյանքում եկեղեցական հանդերձանքով, ոչ ավելին: Այնուամենայնիվ, Հայ առաքելական եկեղեցին Անկարայի հետ համաձայնություն ձեռքբերելու քաղաքականոթյուն է վարում: Իսկ Անկարան, կարծես, փորձում է ժամանակ շահել` չեզոքություն պահպանելով թուրքական իշխանությունների ու փոխանորդ Աթեշյանի նկատմամբ: Ինչու՞: Թուրքիայի հայերի մեծ մասն այսօր ապրում է Ստամբուլում, որպես օրենք, հայկական պատմական Գումգափու շրջանում: Որոշ տվյալներով` նրանց թիվը 60000 է: Հայերն ամենանկատելի, բայց լուրջ քաղաքական ազդեցություն չունեցող էթնիկ փոքրամասնությունն են երկրում: Ճիշտ է, «Գաղտնի ազգ. Թուրքիայի կրիպտոհայերը» գրքում ամերիկահայ լրագրող Ավետիս Ավջյանը գրում է, որ այսօր Թուրքիայում 2 միլիոն հայ է ապրում, որ նրանք ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են ու թաքցնում են իրենց ինքնությունը: Ստամբուլում հայ պատրիարքը օբյեկտիվորեն ազգային միասնությունն ապահովողի դեր է կատարում, քանի որ չկա այլ կազմակերպություն, որ հայ համայնքի ղեկավարությունը ստանձներ: Դա լավ հասկանում է Անկարան, որովհետև հայկական համայնքի ղեկավարների վերահսկողությունը կամ ալյանսը նրանց հետ Թուրքիային թույլ է տալիս ակտիվ դեր ունենալ արևմտյան սփյուռք-Հայաստան խաղում: Շվեդ փորձագետ Սվանտե Կոռնելը գրում է. «Մեծ տարբերություն կա Հայաստանի ու հայկական համաշխարհային լոբբի միջև` ինչ ձեռնտու է երկրին, ոչ միշտ է ձեռնտու սփյուռքին»: Նրա խոսքով` Անկարայի նպատակն է, որ Երևանը չկարողանա խոսել ամբողջ հայության անունից, իսկ սփյուռքը, որի մեծ մասը փախստականներն են Օսմանյան կայսրությունից, ունենա իր դիրքորոշումը: Այդ իրավիճակում Կստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնում յուրայինին ունենալը անհրաժեշտություն է և Անկարան ձգտելու է այդ գործընթացը իր համար դրական արդյունքի հանգեցնել` աջակցելով տրոհմանը սփյուռքի ու Հայաստանի կառավարության միջև, որը կարծես, Թուրքիայի օգտին է խաղում: Տեսնենք` ինչ կստացվի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից դրական արդյունք ակնկալելը` պատրիարքական ընտրություն անցկացնելու առումով, արդեն իսկ անհնար է դարձնում փաստը, որ հանդիպմանը մասնակցել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որ այս հարցում խաղում է Անկարայի դաշտում: Եթե նույնիսկ հայ համայնքը կարողանա այնքան միասնական լինել, որ պահանջի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կոմայի մեջ գտնվելու ու պարտականությունների կատարումը բացառող իրավիճակի պատճառով պատրիարքի նոր ընտրություններ անցկացնել` առանց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, որ հայտնի է Էրդողանին գրած իր շնորհակալական նամակներով ու բացարձակապես թուրքամետ և ակնհայտ ագրեսիվ դիրքորոշումով, ընտրված պատրիարքի գործունեությանը իր համաձայնությունը պետք է տա Թուրքիայի կառավարությունը: Ճիշտ նույն կարգն է գործում և Երուսաղեմի հայոց պատրիարքական աթոռի դեպքում` նորընտիր պատրիարքին պետք է հաստատի ոչ միայն Հայաստանի, այլև Իսրայելի ու Հորդանանի կառավարությունը: Եվ սա այնքան հանրահայտ փաստ է, որ Ռուսաստանում չեն կարող չիմանալ մարդիկ, որ հետաքրքրվում են պատրիարքական աթոռների իրավասություններով ու պարտականություններով: Ուստի սխալ է Թուրքիայի կառավարության ներգործությունը հանգեցնել իրենց «դուր չեկած» պատրիարքի աշխարհիկ կյանքում եկեղեցական հանդերձանքով հայտնվելու արգելքին: Ով-ով` Էրդողանից, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիայի իրավունք չտալու հարցում, աջակցություն չստացած Ռուսաստանը դա գիտի: Ռուս փորձագետներն ու քաղաքական գործիչները խորապես համոզված էին, որ Էրդողանը Պուտինի մի խոսքով կանխելու է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախացումը Ռուս ուղղափառ եկեղեցուց: Բայց այդ խոսքը չհնչեց: Էրդողանը հավատարիմ մնաց Թրամփին` ըստ ռուսների: Եվ հիմա նրանք տհաճությամբ են ընդունում, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատվիրակը Թուրքիայի կառավարության հետ կապեր է հաստատում ոչ թե Մոսկվայի, այլ Վատիկանի միջոցով` վկայելով Հայ առաքելական եկեղեցու անկախությունը ռուսական, ամերիկյան ու ընդհանրապես որևէ ազդեցությունից ու հայության համախմբման գործում հանձնառության կատարումը:


Իվերջո, եթե նույնիսկ վաղը Մեսրոպ արքեպիսկոպոս Աթեշյանին արհեստական շնչառության սարքից անջատելու որոշում կայացվի ու հայտարարվի Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրություն, Անկարան պատճառ է գտնելու կամ ընտրությունը նորից հետաձգելու, կամ բոլոր թեկնածուներին «շարքից հանելու» ու Արամ Արքեպիսկոպոսին պատրիարք դարձնելու համար: Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ, որ Կոստանդնուպոլսի հայերը ինքնուրույնության ու ազգային ինքնությանը վերադարձի որևէ քայլ անեն: Դա նրա համար չափազանց վտանգավոր է երկրի մասնատման տեսակետից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ